Ինչո՞ւ են ձերբակալել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին. բացահայտում է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով մանրամասներ է հաղորդում Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին և բացահայտում ձերբակալության պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ոչ մեկի հետ կոմպրոմիսի չենք գնալու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Այս մասին ֆեսբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը։

ԱԱԾ–ն տեղեկացրել է ԱԺ նախագահին Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու փաստի մասին

«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք–զինամթերք պահելու հետ։ Հիմնավոր կասկածներ կան նաև, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները ստանալու և յուրացնելու մեջ։ Օրինակ` կասկածներ կան, որ նա դպրոցականների կողմից զինվորականներին ուղարկված սնունդը յուրացրել և կերակրել է իր կենդանիներին` իր արջերին և վագրերին։ Հիմնավոր կասկածներ կան նաև, որ նա յուրացրել է Արցախի ժողովրդին և բանակին ուղարկված օգնությունները։ Եվ այս կասկածները հաստատվում են նրա տանն ու ամառանոցում կատարված խուզարկություններով»,–ասաց Փաշինյանը։

Իր խոսքն ուղղելով Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին` ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ոչ մեկը դա չի ժխտում, բայց հավելեց, որ նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված տարբեր մարզերի դպրոցականների` զինվորներին ուղարկված օգնությունը գողանալ և կերակրել սեփական կենդանիներին։

Ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի համախոհները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում

«Որևէ անձի մեղավորությունը կամ անմեղությունը որոշում է  դատարանը, ես անմեղության վարկածը չեմ ուզում խախտել։ Բայց առկա են նաև կասկածներ, որ յուրացվել են բանակի համար ուղարկված տեխնիկան, ավտոմեքենաները։ Բացի այդ, երբ մեր բանակն այսօր խնդիր ունի, ինչու պիտի մի անձը այդքան շատ ապօրինի զենք–զինամթերք ունենա»,–հռետորական հարց է  բարձրացնում վարչապետը և հավելում, որ այն Հայաստանում, որտեղ ինքն է վարչապետ այդպիսի երևույթներ չեն լինելու, անկախ նրանից այդ մարդն ազգային հերոս է, թե վարչապետի ընտանիքի անդամ։

«Արդեն ասել եմ` դատարանները պիտի լինեն անկախ, ես չպետք է զանգեմ ինչ–որ մեկի համար, բայց դա այն դեպքում, երբ դատավորները գործում են արդար։ Եթե պարզվի, որ մի դատավոր գործում է այլ շահերով, վայը եկել տարել է այդ դատավորին։ Մենք դատարաններին հրահանգ չենք տալու, նրանք պիտի գործեն օրենքի շրջանակներում։ Մարդկանց կալանավորելը և բանտերը լցնելը մեր նպատակը չի եղել և չի լինի, մեր նպատակը օրինականություն հաստատելն է»,–նշեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ առաջիկայում ԱԱԾ–ն նյութեր կհրապարակի այս թեմայի շուրջ, և բոլորը կկարողանան տեսնել այդ փաստերը։