Արմավիրի մարզպետը խնդրի լուծման 3 տարբերակ է առաջարկում

Ի պատասխան մարզպետի և Էջմիածնի քաղաքապետի հանդիպման առաջարկի, բողոքողները Գագիկ Միրիջանյանին են Էջմիածին հրավիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզպետարանում ավարտվել է Արմավիրի նորընտիր մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանդիպումը։

«Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների հետ հանդիպմանը, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գագիկ Միրիջանյանը և հիշեցրել, որ Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է։

ԱԱԾ–ն տեղեկացրել է ԱԺ նախագահին Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու փաստի մասին

Մարզպետն ասել է նաև, որ դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կա՛մ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կա՛մ բավարարվում են ցուցարարների պահանջները, կա՛մ պետք է գտնել ճանապարհային քարտեզ և այդ ճանապարհով փորձել լուծում ստանալ:

Չնայած մարզպետի ու քաղաքապետի կողմից հնչած հանդիպման առաջարկներին «Մերժիր Կարենին» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում գնալ հանդիպման, փոխարենը նրանք մարզպետին հրավիրում են Էջմիածին:

Այսօր էլ Էջմիածնում Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողները երթ են իրականացնում, փակ են քաղաքի մի շարք փողոցներ:

Հիշեցնենք, որ Էջմիածնում լարված իրավիճակ է։ Մարդիկ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Հունիսի 14-ից Էջմիածնում հանրահավաքներ են անցկացվում քաղաքապետի հրաժարականի պահանջով:

Հունիսի 16-ին, հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին աջակցողները, սակայն նրանց խոսքով` այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին։

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։ Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ին ձերբակալել էպատգամավորին։