Շարմազանովն ու Բաղդասարյանը գնացել են ձերբակալված Մանվել Գրիգորյանին տեսնելու

Ազգային ժողովի փոխխոսնակն ու ՀՀԿ խմբակցության ղեկավարն Ազգային անվտանգության ծառայությունում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում` Մանվել Գրիգորյանին տեսնելու։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրառում է արել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր` հունիսի 16-ին, ձերբակալել է Մանվել Գրիգորյանին և «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանին։

Վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի առանձնատանը:

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության առնչությամբ ` նշելով, որ «Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է»։