ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։
Նախնական քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում բուժօգնություն ստացած 128 երեխայից 35-ը նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն են ստացել 128 օր։
Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ ընկերության տնօրինությունն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-ից մինչ 2018թ-ի ապրիլը, ամսական 32.000 դրամ աշխատավարձով ընկերությունում բանվոր է ձևակերպել մի քաղաքացու։
Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, և աշխատավարձերի ձևաթերթիկներում կեղծիքներ կատարելու միջոցով յուրացվել է ընդհանուր շուրջ 3.900.000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։
Նշենք, որ նշված կենտրոնի տնօրենը ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է։