Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան դուետը ճաք է տվել. ի՞նչ կապ ունի Դոն Պիպոն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթն անդրադարձել է Էջմիածնում սպասվող իրադարձություններին, որոնցում ակտիվ մասնակցություն ունի քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Դոն Պիպոյի վերադարձով գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել:

Փաշինյանը զգուշացնում է մաֆիոզներին

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` օրեր առաջ հանդիպել են ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ու Դոն Պիպոն: Վերջինս գեներալին առաջարկել է չեզոքություն պահպանել Էջմիածնում սպասվող իրադարձությունների շրջանակում: Ի մասնավորի՝ նա ասել է. «Դու գործ չունես էս ամենի հետ, քեզ չեզոք պահիր», և Սեյրան Սարոյանն էլ համաձայնել է»,- գրում է թերթը:

Պարբերականը հիշեցնում է, որ եթե նախկինում գեներալներն անբաժան էին, ապա հիմա գրեթե անհնար է նրանց միասին տեսնել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ քառօրյա նիստի ավարտին Սեյրան Սարոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցությունում մենակ էր հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ու ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Նշենք, որ վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացվում Էջմիածնում։ Ցուցարարները պահանջում են Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը։

ԶԼՄ-ների տվյալով` բողոքի ցույցը կազմակերպել է քրեական հեղինակություն համարվող Ասատուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։ Ասատրյանը լրագրողներին ասել է, որ ուզում է արդարությունը վերականգնել քաղաքում։ Նա վստահեցրել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություն չունի։

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։