Ինչո՞ւ է հայ գյուղացին հրաժարվում ձկից ու խոզից և գերադասում Ռուսաստանի ասֆալտը

Մոնոպոլիաների դեմ անհաջող պայքարած գործարարները հույսով սպասում են նոր կառավարության հայտարարած պայքարի ավարտին:
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik.

Եթե ՀՀ նոր իշխանությունն այսօր է պայքար հայտարարել մոնոպոլիաների շուկայական տնտեսությունն իրենցով անողների դեմ, ֆերմեր Համլետ Համբարձումյանն արդեն 10 տարի այդ պայքարի մեջ է, բայց առայժմ միայն պարտվողի դերում:

2008թ-ին, երբ Հայաստանում ձկնաբուծությունը նոր էր զարգանում, Համլետ Համբարձումյանն ընկերոջ հետ որոշեց գործունեություն ծավալել այս շուկայում. ՍՊԸ գրանցեցին, բանկից վարկ վերցրին, Արմավիրի Գայ գյուղում գնեցին նախկին կոլտնտեսությանը պատկանող անմշակ հողատարածքը, ձկնաբուծական ավազաններ կառուցեցին, 2009թ-ին դժվարությամբ, բայց ստացան խորքային հորատման աշխատանք իրականացնելու թույլտվություն, ընդերքից ջուր հանեցին, 2011թ-ին մանրաձուկ գնեցին ու սկսեցին ձուկ բուծել: Բայց երբ ձուկը հասավ այն չափերին ու քանակությանը, որ պետք է եկամուտ ապահովեր տերերին, նրանք ստիպված եղան դադարեցնել բիզնեսը:

Бассейны рыбного хозяйства, село Гай, Армавирская область

Պատճառը ոչ միայն Արարատյան դաշտում բացված անհաշիվ ձկնաբուծարանների հետևանքով առաջացած խորքային ջրերի սակավաջրությունն էր, այլև ձկան միաժամանակյա էժանացումն ու կերի թանկացումը:

«Սկզբում կեր բերում էին շատ-շատերը` Իրանից, Չինաստանից, ընդ որում` շատ էժան էին բերում։ Բայց հանկարծ 4-5 ամսվա ընթացքում այդ բերողները բոլորը փակվեցին, մնացին 2-3 հոգի։ Մոնոպոլիան սկսեց թելադրել կերի գինը։ Ամեն ամիս 20-25 կգ-անոց պարկի գինը 1 եվրոյով ավելանում էր: Խոշորները գուցե վնասով, բայց կարողացան դիմակայել ու այսօր էլ աշխատում են, իսկ մենք 2014-ին ստիպված դադարեցրինք մեր գործը»,- պատմում է Համլետ Համբարձումյանը և հավելում, որ նախկինում, երբ ձկնաբույծների ասոցիացիայի անդամներով հավաքվում էին իրենց բակում, հազիվ էին տեղավորվում, հիմա նստում են մի փոքրիկ սեղանի շուրջ:

Ձկան արտադրությանը հրաժեշտ տալուց հետո ընկերները որոշեցին խոզաբուծարան հիմնել: Ու դարձյալ, երբ արդեն պետք է տեսնեին իրենց աշխատանքի արդյունքը, խոզի մսի գինը հայաստանյան շուկայում այնքան իջավ, որ անիմաստ էր անգամ վաճառելը:

Կրքեր հայկական կեռասի շուրջ. ո՞վ է մեղավոր, ի՞նչ անի գյուղացին իր բերքի հետ

«Օգոստոսից սկսեց իջնել մինչև հաջորդ տարվա մայիս։ Հաջորդ տարվա մայիսին արդեն ուրիշ ճար չունեինք, վարկը խեղդում էր, ստիպված ամբողջ գլխաքանակը` մայր ու մանուկ, վաճառեցինք։ Իսկ դրանից հետո գինը սկսեց բարձրանալ` 2 հազար, 2.5 հազար, 3 հազար, ու մինչև այսօր գինը մնում է բարձր։ Բայց մենք արդեն հնարավորություն չունեինք,- պատմում է մեր զրուցակիցը,-շուկան թելադրում է այն մարդը, ով ամենամեծ քանակի անասուն ունի»:

Գյուղատնտեսական բիզնեսում վերջին փորձն էլ դատարկված ձկնաբուծական ավազաններում դաղձ ցանելն էր, բայց, տեսնելով, որ շուկայում դրա պահանջարկը կա, ողջ գյուղը սկսեց դաղձ աճեցնել` թե՛ իրենց ու թե՛ մնացած բոլորին զրկելով իրացման հնարավորությունից:

Գյուղացիական բիզնեսում վերջին անհաջող փորձից հետո Համլետն ու ընկերը գյուղում փոքրիկ խանութ բացեցին, վարկն էլ այսօր տույժ-տուգանքներով հանդերձ գտնվում է ԴԱՀԿ վարույթում:

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանին Համլետի ու նրա ընկերոջ անհաջող բիզնեսի պատմությունը չի զարմացնում:

«Մոնոպոլիաները միշտ այնպիսի սխեմաներ են ստեղծում, որոնք կարող են մրցակիցներին ճնշել, սնանկության հասցնել, գների սրընթաց անկում կազմակերպել ու այդ ամենով շուկայի վրա մեծ ազդեցություն թողնել»,- ասում է նա` հիշեցնելով, որ ձկան ու մսամթերքի շուկայում խոշոր արտադրողներն այսօր միաժամանակ նաև կերի խոշոր ներկրողներն են, որոնք երկու շուկայում էլ իրենց ձեռնտու գինն են թելադրում` խաղից հանելով փոքրերին, ում արտադրանքի ինքնարժեքը սովորաբար ավելի բարձր է լինում:

Ձկնաբուծական բիզնեսի խոշորացման մեջ Գագիկ Մակարյանը նկատել է ոչ միայն խոշոր արտադրողների, այլև պետության ձեռքը: «Պետությունն անցավ նրան, որ կերի գները փոխեց, ձկնաբուծարաններին սկսեց ջրի հաշվիչներով ու այլ տարբերակներով կարգավորումներ տալ, և պարզվեց, որ որոշ ձկնաբուծարաններ այս պայմաններում չկարողացան աշխատել, դարձան անվճարունակ, բանկերում առաջացան պրոբլեմներ ու խորտակվեցին»,- ասում է տնտեսագետը:

Կաթ արտադրողները սպառնում են Երևանի կենտրոնում անվճար կաթ բաժանել

Մակարյանը նաև հիշեցնում է Հայաստանի իրացման շուկայի մոնոպոլիզացվածության մասին, որտեղ սպառման 70 %-ն իրականացվում է սուպերմարկետներում, մինչդեռ փոքր խանութներից ոչ բոլորն ունեն մսի ու ձկան առևտրի հնարավորություններ ու պայմաններ:

Անդրադառնալով նոր կառավարության` մոնոպոլիաների դեմ պայքարին` Մակարյանը կարևորում է հատկապես ՓՄՁ-ների համար իրավական դաշտի և մրցակցային հավասար կանոնների սահմանումը ոչ միայն շուկայում, այլև պետական գնումների համակարգում: «Պետությունը նաև իր ոչ կատարյալ օրենսդրությամբ արհեստական ֆիլտրել է դաշտը` բերելով նրան, որ խոշորները միշտ կարողացել են մասնակցել պետգնումներին, իսկ փոքրերը` ոչ»,- ասում է նա:

Ֆերմերն ու տնտեսագետն այսօր համակարծիք են ոչ միայն մոնոպոլիաների վտանգների, այլև դրանք վերացնելու ուղիների հարցում: Նոր կառավարության հայտարարած պայքարը պետք է ուղեկցվի ոչ միայն օրենսդրական ու գաղափարական փոփոխություններով, այլև խստությամբ ու վճռականությամբ:

Бывший свинарник, село Гай, Армавирская область