ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցներից մեկը հացադուլ է հայտարարել։ Այս մասին քաղաքապետը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ Նա հացադուլ հայտարարած տղամարդուն ներկայացնում է որպես «հարգարժան ընկեր»։
«Հայտարարում եմ հացադուլ և նստացույց, մինչև այս հարցն օրինական ճանապարհով չլուծվի։ Չի կարող մեր երկրում արտոնված միտինը վերածվել չարտոնված հանրահավաքի։ Միացողներ կլինեն, խնդրեմ»,- ասում է տղամարդը։
Նշենք, որ Էջմիածնում լարված իրավիճակ է։ Մարդիկ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք քաղաքապետի հրաժարականի պահանջով:
Այսօր` հունիսի 16-ին, հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին աջակցողները, սակայն նրանց խոսքով` այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին։
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր` հունիսի 16-ին, ձերբակալել է պատգամավորին։