ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հայաստանը հնությունների երկիր է, իսկ հայերը դիմացել են ժամանակի փորձությանը։ Այս մասին գրում է Times of India թերթի բլոգեր Ռոյ Չովդհուրին։
«1915թ-ի իրադարձություններից հետո հայերի մեծամասնությունն ապրում է սփյուռքում։ Նրանք պահպանում են պատմական Հայաստանի մասին հիշողությունը։ Բայց այսօրվա Հայաստանում տեսնելու շատ բան կա։ Անկասկած, պետք է շրջել Երևանի կենտրոնում և տեսնել Արարատը։ Երևանից և Արարատյան դաշտից աստվածաշնչյան լեռան տեսարանն ուղղակի հիասքանչ է։ Իսկ Երևանի կենտրոնում նաև մահմեդական մզկիթ կա»,-նշում է հեղինակը։
Երևան այցելող հնդիկներին նա խորհուրդ է տալիս նստել ինչ-որ ամառային սրճարանում և շրջել Վերնիսաժում։ Սևանը կարող է զարմացնել իր վառ կապույտով դեղնավուն և կարմրավուն լեռների ֆոնին (թեև գարնանն այստեղ լեռները ներկվում են գարնանային գույներով)։
Նորավանքը՝ 13-րդ դարի եկեղեցին, հիանալի վայր է մեկօրյա ուղևորության համար։ Այս եկեղեցին սուրբ է համարվում. լեգենդի համաձայն` աստված պաշտպանել է այն մոնղոլների արշավանքի ժամանակ։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են տեսնել քրիստոնեական հնություններ, պետք է այցելեն Էջմիածին, գրում է պարբերականը։