«Գենդերային հավասարություն պետք է սովորեցնել մանկապարտեզից»․ առողջապահության նախարար

Գենդերային հավասարության կամ անհավասարության հարցերը երեխաներին պետք է բացատրեն մանկապարտեզներում, կարծում է Արսեն Թորոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Սելեկտիվ աբորտները պետք է արմատախիլ արվեն Հայաստանում, իսկ գենդերային հավասարության գաղափարը պետք է ներմուծել մանկապարտեզներից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իմ առաջին երեխան աղջիկ է։ Երբ կինս հղի էր երկրորդ երեխայով, մենք գնացինք բժշկի՝ սոնոգրաֆիա անելու և սեռը իմանալու։ Ես ասացի՝ հուսով եմ, որ երկրորդ երեխան էլ է աղջիկ։ Բժիշկը շոկի մեջ էր աղջիկ երեխա ունենալու իմ ցանկությունից», — ասաց նախարարը։

Նախարարը կարծում է, որ այդ մտածողությունը պետք է անցյալում մնա, դրա համար գենդերային հավասարության մասին գաղափարը պետք է ներարկել մանկապարտեզից։

«Այդ դեպքում մենք 25 տարի հետո կունենանք գենդերային առումով դաստիարակված հասարակություն։ Սակայն նշեմ, որ Հայաստանում գենդերային հավասարության խնդիրը նույն չէ, ինչ մյուս երկրներում», — ասաց Թորոսյանը։

Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը շատ սուր է դրված, հաճախ ծնողները չեն ուզում աղջիկ ունենալ և աբորտ են անում, եթե իմանում են, որ տղա չէ։ Անցած տարվա տվյալներով՝ երկրում հղիության արհեստական ընդհատումների 10 տոկոսը պայմանավորված է հենց ապագա երեխայի սեռով, և այդ պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում մոտ 1400 աղջիկ։