Փաշինյանն անվերապահ աջակցություն հայտնեց անձամբ Սահակյանին. լուսանկարներ

Ստեփանակերտում կայացել է ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը:

«Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են բանակաշինության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:

1 / 3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
2 / 3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
3 / 3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը