Պայթյուն Վանաձորում. ամբողջովին վնասվել է հայտնի գործարարի դեղատունը

Ոչ միայն դեղատունն է այրվել, այլև վնասվել են հարակից խանութները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Վանաձոր քաղաքի Կենտրոնական հանրախանութի հարևանությամբ գտնվող դեղատանը պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դեղատունը մեծ վնասներ է կրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ Լոռու մարզային վարչությունն ահազանգը ստացել է հունիսի 16-ին, ժամը 04:00-ի սահմանում։

Երևանում հայտնաբերել են նախկին դատավորի կախված դին

Պայթյունի հետևանքով վնասվել է ոչ միայն դեղատունը, այլև հարևանությամբ գտնվող մի քանի խանութները: Կոտրվել են ապակիներ, տանիքներ, այնտեղ եղած գույքը:

Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, դեռևս անհայտ է:

Ստեղծվել է քննչական խումբ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ինչից հետո պարզ կլինի պատճառը:

Վանաձորցիներն ասել են, որ նշված դեղատան տերը Վանաձորում հայտնի է իր մարդկային ու բարոյական հատկանիշներով ու միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահով ու կարիքավոր քաղաքացուն և Վանաձորում միակ դեղատունն է, որ դեղորայքը վաճառվում է մատչելի գներով: Նույնիսկ եղել են բազմաթիվ դեպքեր, որ սոցիալապես անապահով քաղաքացին նշված դեղատնից դեղորայքը ստացել է անվճար:

Վանաձորցիները չեն բացառել, որ սա միտումնավոր է արված։