ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Սեյրան Օհանյանը քրեական գործում ներգրավված միակ պաշտոնյան չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Կոնկրետ քրեական գործ կա հարուցված, կոնկրետ պաշտոնատար անձինք կան ներգրավված, դեպքը եղել է իր պաշտոնավարման օրոք, դրա համար էլ կանչվել է: Ասեմ, որ Օհանյանը գործում ներգրավված միակ պաշտոնյան չէ»,- ասաց Անանյանը` մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու մասին լուրերը:
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ Օհանյանին քննչական մարմնից ծանուցումն ուղարկել են հունիսի 12-ին, հունիսի 13-ին Օհանյանը հայտարարել է, որ ծանուցումը չի ստացել:
ՊԵԿ նախագահը չբացառեց, որ երկու կողմերն էլ ճիշտ են, և Օհանյանն այդ օրը նամակը դեռ ստացած չի եղել:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար։
Նույն վարչության պետ Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։
Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: