Արցախի ձայնը պետք է լսելի լինի․ արդո՞ք կփոխվի բանակցությունների ձևաչափը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ քաղաքականություն է վարում Ստեփանակերտի շահերն առաջ մղելու հարցում, կարծում է Սուրեն Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Արցախի մասնակցության հարցը պետք է ներառվի բանակցությունների օրակարգում, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նա բանակցություններ չի վարի Արցախի անունից։ Վարչապետը համոզված է, որ Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին։

Արցախը բանակցային գործընթացում իր տեղն ունի. ՀՀ արտգործնախարար

«Բոլորիս հասկանալի է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ։ Դա չի նշանակում ձևաչափի փոփոխություն։ Ստեփանակերտը կմիանա բանակցություններին արդեն գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», — նշեց Սարգսյանը։

Քաղաքագետը վստահ է, որ Փաշինյանը ճիշտ քաղաքականություն է վարում այդ հարցն առաջ տանելու ուղղությամբ։ Սարգսյանը նշեց, որ սխալ է քննարկել Արցախին վերաբերող հարցերն ուր ասես, բայց ոչ Ստեփանակերտում։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է մեծ աշխատանք տանի այդ ուղղությամբ՝ այդքան տրամաբանական մոտեցումը հիմնավորելու համար։ Նա հիշեցրեց, որ համանախագահները ասել են, որ որոշակի փուլում Ստեփանակերտը պետք է միանա գործընթացին։

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա պետք է ամրագրել, որ Արցախի հարցում բանակցությունների համար դա անփոփոխ ձևաչափ է։ Եթե չլինի Մինսկի խումբը, ապա այլ ձևաչափ չի լինի, որովհետև Բաքուն միշտ «ոչ» կասի ցանկացած նախաձեռնության», — կարծում է Սարգսյանը։

Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հարցով բանակցություններին. Պողոսյան

Նա դժվարացավ պատասխանել, թե կհաջողվի արդյո՞ք Արցախը միացնել բանակցություններին, բայց, համենայն դեպս, համանախագահները դեմ չեն դրան։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե կողմերը համաձայնության հանգեն այս հարցում, ապա միջնորդները չեն առարկի։

Հասկանալի է, որ Ադրբեջանը կբոյկոտի գործընթացը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցություններից։

Ամեն դեպքում, հայկական կողմը պետք է աջակցի խաղաղ բանակցություններին, համոզված է Սարգսյանը։

Հենց սկսվի Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը, Ստեփանակերտը պետք է անպայման մասնակցի գործընթացին։ Այդ կետը պետք է դառնա բանակցությունների օրակարգի մասը, Արցախի ձայնը պետք է լսելի լինի, ընդգծեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման առաջարկներին, ապա, Սարգսյանի կարծիքով, առաջիկայում Մադրիդյան սկզբունքների լուրջ փոփոխություն պետք չէ ակնկալել։