«Սասնա ծռերի» ևս մեկ անդամ ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբի 9–րդ անդամն այսօր ազատ արձակվեց կալանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբավորման ևս մեկ անդամ ազատ արձակվեց։ Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։

Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Մեկ տարի անց մեղադրանք է առաջադրվել Սասնա ծռերին ծեծի ենթարկած փոխգնդապետին

Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով ։

Հովհաննես Հարությունյանը «Սասնա ծռերի» գործով 9-րդ ազատ արձակվածն է։ Ավելի վաղ կալանքից ազատ էին արձակվել Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։