ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյայի» և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։
«Հենց հիմա ճաշում ենք Փաշինյանի հետ։ Երեկ նա մեր ալիքին հարցազրույց է տվել, իսկ այսօր ճաշելիս ես հայ-ռուսական բարեկամության կենացը խմեցի ու հարցրի` ի՞նչ է նա մտածում այդ բարեկամության մասին», — գրում է Սիմոնյանը։
Վարչապետը պատասխանել է, որ հիմա այդ հարաբերությունները կլավանան, նա համոզված է, որ դրանք արդեն իսկ լավացել են։ «Հենց դրա կենացը խմեցինք»,- գրում է Սիմոնյանը
Գրառմանը կից լուսանկարում հայկական Takar գինին է պատկերած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել հունիսի 13-ին։ Հենց նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունը։ Այսօր նա կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։