ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանյան զորամասերից մեկի ճաշարանի նախկին պետն ու ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել են սահմանված քանակից քիչ պարենամթերք, իսկ մնացածը՝ հափշտակել:
Փաստերը բացահայտվել են Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում։
Պարզվել է նաև, որ զինվորների համար նախատեսված մթերքի յուրացման մասին տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը, կոչումով՝ փոխգնդապետ, սակայն վերադասներին չի զեկուցել, չի կազմակերպել համապատասխան ստուգում՝ այդպիսով օժանդակելով նրանց։ Փոխարենը դրա դիմաց 2015- 2016թթ-ին ճաշարանի պետից պարենամթերք է ստացել:
Բացի այդ, գողացված պարենամթերքը նաև վաճառվել է հարակից համայնքի մի բնակչի։ Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ նա ձեռք է բերել գողացված պարենամթերքը՝ նախապես իմանալով, որ այն հափշտակված է եղել զորամասից:
Քրեական գործի նախաքննության ավարտին մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ զորամասի ճաշարանի նախկին պետին, ճաշարանի նախկին ավագ խոհարարին, զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և համայնքի բնակչին։
Քրեական գործն ուղարկվել է դատարան։