Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել. ինչո՞ւ և ե՞րբ

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է այսօր մամուլում տարածված լուրերն այն մասին, որ այգում հիվանդության հետևանքով կենդանիների անկում է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հետևանքով 4 տեսակի կենդանիների անկում է գրանցվել։ Դեպքերը գրանցվել են հունվար-փետրվար ամիսներին, երբ այգին փակ է եղել այցելուների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով այսօր մամուլում տարածված լուրերը, նշեց Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանը։

Առաջինը հիվանդությունը նկատվել է կխտարի մոտ, ապա` լամաների, կամերունյան այծի և եղջերուներ։

«Հիվանդության հետևանքով 8 գլուխ լամաներ քնեցվել են, որից հետո կատարվել է սանիտարական-ախտաբանական շատ մեծ աշխատանք, հողի քանդման աշխատանքներ, որպեսզի կարողանանք այդ հարուցիչից ազատվել: Այս ընթացակարգը նախատեսված է միջազգային իրավական նորմերով։ Բոլոր անհրաժեշտ նորմերը պահպանվել են։ Ամբողջ գործողությունը փաստաթղթավորվել է։ Փաստաթղթերը պահվում են կենդանաբանական այգում»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում այգու տնօրինությունը պատրաստ է հրապարակել դրանք։

Իսկ հիվանդության պատճառով սատկած կենդանիների փոխարեն կենդանաբանական այգին արդեն ներմուծել է 1 արու լամա Վրաստանից, ևս 1 էգ լամա շուտով կներմուծվի Կալինինգրադի կենդանաբանական այգուց։ Այգու տնօրինությունն աշխատանքներ է տանում գլխաքանակը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։

Նա նաև նշեց, որ այսօր այգին անվտանգ է։ Հիվանդ կենդանիներ չկան։