Հայաստանը հերթում է. ինչպես կազդի Կվիրիկաշվիլու հեռանալը հայ–վրացական հարաբերության վրա

Հայ և վրացի փորձագետներն ասել են, թե Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հեռանալն ինչպես կանդրադառնա հայ–վրացական հարաբերությունների վրա։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հրաժարականից հետո Երևանն ու Թբիլիսին հարաբերությունները կառուցելու են` հաշվի առնելով նոր իրողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հաջողված այցից հետո երկու երկրների փորձագետները բազմաթիվ անգամ ընդգծել են` «ռեստարտի» համար անհրաժեշտ է, որ վրացական պատվիրակությունը պատասխան այց կատարի Հայաստան։

«Կիրի...Կվիլիրի.... շվիլի». Փաշինյանը չկարողացավ արտաբերել գործընկերոջ ազգանունը

Վրաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները կտրուկ ազդեցություն չեն ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա, կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

«Սակայն այսօր ավելի սուր է Վրաստանի նոր վարչապետի գլխավորությամբ պատասխան այցի անհրաժեշտությունը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Ժամանակն է` Երևանն անի մի քայլ, որը թույլ կտա շփում հարթել վրացական կողմի հետ ու հաստատել արդեն իսկ նախանշված պայմանավորվածությունները։ Փորձագետն ընդգծեց, որ վարչապետի փոփոխությունը դեռ իշխանափոխություն չէ, հատկապես «Վրացական երազանքի» դեպքում, որը խորհրդարանական մեծամասնություն է կազմում։ Վրաստանի այդ քաղաքականությունը դժվար թե զգալիորեն փոփոխվի:

«Նախկին վարչապետ Իվանիշվիլու քաղաքականությունը, որն ուղղված էր տարածաշրջանի բոլոր երկրների հետ պրագմատիկ համագործակցության կառուցմանը, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը, շարունակել են և՛ Գարիբաշվիլին, և՛ Կվիրիկաշվիլին։ Նոր վարչապետն ու նրա նախարարների կաբինետը աշխատելու են այդ ուղղությամբ», — համոզված է փորձագետը։

Ո՞վ կզբաղեցնի Վրաստանի վարչապետի պաշտոնը

Դեռ կես տարի առաջ փորձագետները կանխատեսում էին, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Գեորգի Գախարիան, որը Կվիրիկաշվիլու պես ժամանակին տնտեսության ու կայուն զարգացման նախարար էր։

Սակայն այսօր դիտարկում են նաև ֆինանսների նախարարի պաշտոնակատար, 36-ամյա Մամուկա Բախտաձեի ու Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլու թեկնածությունները։

Վրաստանը զգոն է, կամ ե՞րբ Հայաստանը կազատվի Վերին Լարսի խնդրից

Ինչ վերաբերում է Բախտաձեին, ժամանակին ասում էին, որ նա Վրաստանի նախկին վարչապետի` «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու դստեր հետ սիրավեպ ունի։ ԶԼՄ-ները տևական ժամանակ գրում էին, որ վերջերս քաղաքականություն վերադարձած Իվանիշվիլին իր ապագա փեսային Վրաստանի նախագահ կնշանակի, իսկ ինքը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

Սակայն այդ տարբերակն ու Ցքիտիշվիլու ընտրությունը Թբիլիսիում քիչ հավանական են համարում։

«Կվիրիկաշվիլին երկար ժամանակ խնդրում էր Իվանիշվիլուն, որ հրաժարական տա։ Նրա հրաժարականը կանխատեսելի էր, հատկապես վերջին իրադարձությունների ու տնտեսական քաղաքականության շուրջ տարաձայնությունների ֆոնին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

Նա համոզված է, որ Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնում իրեն լավ չէր զգում։ Մամրարձեի խոսքով` Կվիրիկաշվիլին, լինելով տնտեսագետ, նախկին պաշտոններում իրեն ավելի լավ էր զգում։ Մամրաձեն չի բացառում, բայց նաև քիչ հավանական է համարում, որ Իվանիշվիլին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

«Նա միշտ ձգտել է լքել պաշտոնը, քանի որ Վրաստանի համար ավելի կարևոր գործերով է զբաղված։ Թեև ոչինչ չի կարելի բացառել», — նշեց Մամրաձեն։

Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա այսօր` «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում խորհրդատվություններից հետո։

Ինչու՞ Կվիրիկաշվիլին հեռացավ

Կվիրիկաշվիլու հեռանալու պաշտոնական պատճառը «Վրացական երազանք կուսակցության» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ տարաձայնություններն էին։ Այս մասին վարչապետն ասել է երեկ ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում էլ հայտնել է հրաժարականի մասին։

Վրաստանում Փաշինյանին սպասում էին, կամ հայ–վրացական հարաբերությունների «փակ» շրջանի ավարտը

Նա իրեն թիմային խաղացող է համարում ու հայտնել է, որ ստեղծված իրավիճակում իր փոխարեն ցանկացած մարդ հենց այդպես կվարվեր` հաշվի առնելով իր երկրի շահերը։

Հիշեցնենք` Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել Թբիլիսիում 2017 թվականի դեկտեմբերի 1-ին 16-ամյա երիտասարդների` Դավիթ Սալարիձեի ու Լևան Դադունաշվիլիի սպանության շուրջ իրարանցման ֆոնին։

Բողոքի ակցիաների շարքը Թբիլիսիում սկսվել է մայիսի 31-ին դատարանի վճիռը հրապարակելուց հետո։ Դատարանը կռվի երկու մասնակիցների վերաբերյալ դատավճիռ էր կայացրել, ըստ որի` նրանցից մեկը մեղավոր է ճանաչվել Դադունաշվիլու սպանության գործում, իսկ երկրորդը փորձել է սպանել Սալարիձեին։ Արդյունքում չի պարզվել` ով է սպանել երկրորդ տղային։

Արդյունքում Զազա Սալարիձեն` սպանված Դավթի հայրը, դատախազությանը մեղադրել է ոչ օբյեկտիվ հետաքննության ու մեղավորներին պաշտպանելու մեջ։

Ակտիվիստները տարբեր պահանջներ են ներկայացրել` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հրաժարականից մինչև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարական։