Դատարանն ազատեց «Սասնա ծռերից» ևս մեկին

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանքից ազատեց «Սասնա ծռեր» խմբի 8-րդ անդամին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատը վարող ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Այդ միջնորդությամբ հանդես էր եկել Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Նա դատարանում հայտարարել էր, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, տան միակ կերակրողն է, լավ վարքագիծ է դրսևորել և իրավիճակի փոփոխությունից հետո վատ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են, ուստի այլևս կարիք չկա նրան կալանքի տակ պահելու։

Դատական նիստին ներկա դատախազները չառարկեցին միջնորդության դեմ։ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը կալանքից ազատել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանին։

Մինչ այդ, վերջին երկու շաբաթվա ընթացքում դատարանի դահլիճից ազատ էին արձակվել նաև «Սասնա ծռեր» խմբի ղեկավար Պավել Մանուկյանի որդին`Արամ Մանուկյանը, խմբի անդամներ Արամ Հակոբյանը, Տիգրան Սարգսյանը, Արեգ Կյուրեղյանը, Մանվել Աթոյանը, Խաչատուր Գիչյանը։