Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելեց Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր. տեսանյութ

ՀՀ վարչապետը մոսկովյան այց շրջանակում այցելեց հայկական եկեղեցի, ապա Գրիգոր Նարեկացու անվան վարժարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 14-ի առավոտյան եղավ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:

Նրան դիմավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Վերջինիս ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Սուրբ Պայծառակերպության մայր տաճար, որտեղ կատարվեց մոմավառություն:

Եզրաս Սրբազանի առաջնորդությամբ հոգևոր դասն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության, Հայաստանի բարօրության համար: ՀՀ վարչապետը նաև շրջայց կատարեց Տապան թանգարանում, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթին վերաբերող, հայկական եկեղեցուն պատկանող ցուցանմուշներ:

Փաշինյանն այցելեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից:

Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, նա Կրեմլի պալատում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:

Հունիսի 14-ին ՀՀ վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: