Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք ավելի բացառիկ գին ենք ուզում. Փաշինյան

ՀՀ վարչապետը գազի սակագինը ներհայաստանյան հարց է անվանել և մտադիր է զբաղվել դրանով, իսկ Ռուսաստանից ավելի էժան գազ ստանալու հույս ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանը սահմանին էժան ռուսական գազ է ստանում, բայց սահմանից մինչև սպառողին հասնելը գազի սակագինը կրկնակի թանկանում է։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ հարցին։

«Քննարկումների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ սա ներհայաստանյան խնդիր է։ Որովհետև սահմանին Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է ստանում, բայց սահմանից մինչև սպառողների տուն հասնելը գազի սակագինը կրկնակի աճում է։ Մենք պետք է Հայաստանի ներսում քննարկենք այս խնդիրը և հասկանանք։ Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին», — ասել է կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի խոսքով, Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ավելի զգալի զեղչ ստանալ գազի համար։

«Իհարկե, մենք հույս ունենք ավելի էժան գազ ստանալ։ Հասկանում ենք, որ Հայաստանի համար սա բացառիկ գին է, բայց մենք կուզեինք, որ ավելի բացառիկ գին լինի։ Քննարկելու ենք այդ հարցերը, և հուսով եմ` հաջողություն կարձանագրենք», — ասել է վարչապետը։

Նշենք, որ Հայաստանն այսօր ռուսական գազը ստանում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն կապույտ հեղուկը վերջնական սպառողին է հասնում 290 դոլարով։