Մարտի 1-ի սլաքներն ուղղվում են նախկին ոստիկանապետի ուղղությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տվյալներով` Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Հովհաննես Թամամյանը սլաքներն ուղղում է նախկին ոստիկանապետի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը: 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, և նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից և առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն, ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետև ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»:

Նա նաև խորհուրդ է տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին»: