Կապանում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը. առկա է վիժման վտանգ

Ոստիկանությունը կպարզի դեպքի հանգամանքները։ Մինչ այդ բժիշկները փորձում են փրկել կնոջ հղիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Կապանում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել հղի կնոջը։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, դստեր ամուսինը իրենց բնակարանում իր հղի դստերը(4 ամսական հղիություն), կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը ցանկացել է միջամտել, հրել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ շարժվել են Երևան քաղաքի ուղղությամբ:

Երևանում դպրոցականը ծննդատան բակում ծեծել է 59 տարեկան տղամարդուն

Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողների կողմից Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցվել է տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացուհի՝ «հղիություն 14 շաբաթական սպառնացող վիժում» ախտորոշմամբ:

Ըստ կնոջ բացատրության՝ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում ամուսինն իրեն ծեծի ենթարկելուց հետո իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհին փոխել է մեքենայի ուղղությունը, և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան, կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել է ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստելատեղին ու շարունակել ճանապարհը:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: