ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Այս մասին Գրիգորյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»,- հայտնում է ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք` հունիսի 11-ին Բաքուն ցուցադրել էր Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Դրանք նախատեսված են հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։
Լուրերն այն մասին, որ Մինսկն Ադրբեջանին «Պոլոնեզ» է մատակարարելու, վաղուց են շրջանառվում` դեռ այն ժամանակից, երբ Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ էր ստացել։