Փաշինյանի լուսանկարը Բաբչենկոյին «սպանողի» փոխարեն․ Գրեմինգերը չար կատակի զոհ է դարձել

Համացանցում տարածվել է պրանկերների` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին խաբելու ձայնագրության ամբողջական տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik.  Ռուս հայտնի պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի  անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին խաբելու ձայնագրության ամբողջական տարբերակը։

Զրույցի ընթացքում «Փաշինյանը» (Վովան) դժգոհություն է արտահայտել, որ իր լուսանկարն օգտագործվել է լրագրող Արկադի Բաբչենկոյի մահը բեմադրելու ժամանակ ենթադրյալ մարդասպանի ֆոտոռոբոտը կազմելիս։

«Նրանք օգտագործել են իմ լուսանկարը՝ որպես Բաբչենկոյի սպանության մեջ կասկածվողի լուսանկար։ Դա սխալ է, ծիծաղելի չէ», — ասել է Վովանը։

«Հասկացա։ Այո՞։ Wow!», — արձագանքել է Գրեմինգերը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինային շատ են քննադատել՝ լրագրողի մահը բեմադրելու թեմայով։ Շատերը կարծում են, որ լրագրողին պաշտպանելու այլ միջոցներ կային։

Պրանկերը հաղորդել է, որ իր կողքին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն է և նրան (պրանկեր Լեքսուսին) է փոխանցել լսափողը։

Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Փաշինյանի անունից զանգել են ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին

Ինքնակոչ Գրոյսմանը Գրեմինգերի հետ խոսել է Բաբչենկոյի մասին՝ հայտարարելով, որ բեմադրության գաղափարը Պյոտր Պորոշենկոյինն է եղել։ Ըստ նրա ՝ Պորոշենկոն իբր նախապատրաստում է նաև սեփական կեղծ մահը՝ դրանում Ռուսաստանին մեղադրելու համար։

Խոսքը է եղել նաև ՌԻԱ Նովոստիի լրագրող Կիրիլ Վիշինսկուն ձերբակալելու մասին։ Զրույցի վերջում Վովանը Փաշինյանի անունից հայտարարել է, որ ուրախ կլինի սեպտեմբերին Երևանում հանդիպելու համար. «լավագույն խորովածն ու  գինին պատրաստ են»։