ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի ժողովուրդը հույս ունի նորովի, ավելի արդյունավետ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Շնորհակալություն հայտնելով Պուտինին հանդիպման հնարավորության համար՝ Փաշինյանը շնորհավորել է նրան Ռուսաստանի օրվա և Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ։
«Սա համաշխարհային մասշտաբի միջոցառում է, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մոսկվայի վրա», — հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունեն, որոնք կարելի է ընդլայնել և խորացնել։ Այս մասին մինչև այդ էլ հայտարարություններ արվել են, որոնք հիմա արդեն իրագործվում են, հավելել է նա։
«Կարծում եմ, որ բոլորը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գոհ են մեր հարաբերությունների զարգացումից։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն յուրահատուկ լինել և հուսով եմ, որ ավելի առանձնահատուկ կդառնան», — հայտարարել է Փաշինյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հույս ունի ավելի արդյունավետ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները «երկու ժողովուրդների բարեկամության, մեր երկրների շահերը հարգելու և դրանց ինքնիշխանության հիման վրա։
Նա հույս է հայտնել, որ ռուսական ղեկավարության հետ հանդիպումները հաճախակի և կանոնավոր կդառնան, քանի որ բազմաթիվ հարցեր քննարկման կարիք ունեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր` հունիսի 13–ին` մասնակցելու Մոսկվայում հունիսի 14–ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։