Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի եղբորը խուլիգանության մեղադրանք առաջադրվեց

Ավարտվել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԱԱԾ–ն խուզարկել է «Երևան» հիմնադրամի աշխատասենյակները. հայտարարություն

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:

Մասնավորապես՝ անչափահասները բողոքի ակցիայի շրջանակներում փակել են փողոցի աջակողմյան երթևեկելի հատվածը, որի ժամանակ մոտեցել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի գերմանական համարանիշի մի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վարորդի, ուղևորների և անչափահասների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ վերջիններիս նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից վերցրած փայտե մահակով հարվածել է Երևանի բնակիչ, 2001թ. ծնված անչափահասին:

Հետախուզվում է «Մոնթե Մելքոնյանի» անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանը

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Սարգիս Հակոբյանին (Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի եղբայր) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, զուգորդվել է բացառիկ ցինիզմով), Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: