Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին

ՀՅԴ–ն չի ընդունում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ դեմ են լինելու ներկայացված նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։

«Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև ինքը հենց այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր, և որը մենք էլ էինք պաշտպանում։ Կարծում եմ` այս իրավիճակում պետք է հետևողական լինել պարտադիր բաղադրիչը վերացնելու հարցում»,- ասաց Ռուստամյանը։

Նա շեշտեց, որ կուսակցությունը դեմ լինելով պարտադիր բաղադրիչին` կողմ չի լինելու ներկայացված տարբերակին։ Ռուստամյանի խոսքով` դրանով միայն մեղմացվել է գործող օրենքը, բայց պարտադիր պայմանը չի վերանայվել։

Քոչարյան. «Ափսոսում եմ, որ Մանե Թանդիլյանի նման կադրը հրաժարական է տվել»

«Մի տոկոսն էլ մնա պարտադիր բաղադրիչից, մենք համարելու ենք, որ հարցը չի լուծվել»,- ասաց Ռուստամյանը։

Հիշեցնենք` հունիսի 11-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում ընդունել էր կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է գործող 5/5 համամասնության փոխարեն սահմանել 2.5/7.5 համամասնությամբ վճարում, այսինքն վճարման 2.5%-ը պետք է վճարի քաղաքացին, 7.5%-ը`պետությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով շահառու քաղաքացիների բեռը զգալի կնվազի, աշխատավարձերը որոշակի չափով կավելանան։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը դեմ էր արտահայտվեց նախագծին` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և ինքը չի կարող կողմ լինել նախագծին։

Վարչապետ Փաշինյանին զայրացրել էր նախարարի այս դիրքորոշումը։ Նա ասել էր, որ ոչ ոք չպետք է դեմ քվեարկի ընդունվող որոշումներին։

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը մինչ այդ նախագիծ էր ներկայացրել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին։

Հիշեցնենք, հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը տարածվելու է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատողների համար։ Մինչև այդ համակարգին միացել էին պետական կառավարման համակարգի աշխատակիցները և նրանք, ովքեր մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառով համակարգից հրաժարվելու դիմում չէին գրել։