Ռուսաստանը հանել է Վերին Լարսի անցակետով Հայաստան փայտ ներկրելու արգելքը

Անտառանյութի մատակարարումը Ռուսաստանից մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, առաջին հերթին` խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ռուսաստանը հանել է օրենսդրական արգելքները ռուս–վրացական սահմանին` Վերին Լարսի անցակետում, դեպի Հայաստան փայտի ու անմշակ անտառանյութի մատակարարման համար։

«Հալալ» ուտելիքը ԵԱՏՄ-ում. Հայաստանում թուրքական ապրանքը կփոխարինե՞ն իրանականով

Ռուսաստանի կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Արտահանումը ժամանակավոր դադարեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 31–ից, քանի որ Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված հատուկ նորման կորցրել էր ուժը։

Նշվում է, որ այդ քայլն արվում է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ շարժի համար։

Ռուսաստանն առաջին անգամ հանել է անտառանյութի տեղափոխման սահմանափակումը 2017 թվականի հունվարին։ Այն ժամանակ ռուսական ու հայկական գործարարները հնարավորություն էին ստացել 2017 թվականի հունվարի 7–ից մինչև դեկտեմբերի 31–ը ավտոմոբիլային տրանսպորտով` անմիջապես Վերին Լարսով, փայտ ու անմշակ անտառանյութ տեղափոխել։ Նոր կարգն այդպիսի հնարավորություն է ընձեռում անժամկետ հիմքով։

Անտառանյութի մատակարարումը Ռուսաստանից մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, առաջին հերթին` խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման։ Բացի այդ` այս քայլը նպաստում է ԵԱՏՄ–ի բոլոր երկրների առևտրային հարաբերությունների զարգացմանը։