Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է սահմանային լարվածության թեման

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Տոնոյանը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Արցախը բանակցային գործընթացում իր տեղն ունի. ՀՀ արտգործնախարար

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ: