«Ծառուկյանն» ու «Ելքը» դարձյալ տապալեցին ընտրությունը. ՍԴ անդամի տեղը մնաց թափուր

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ՀՀ նախագահի ներկայացրած միակ թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հերթական անգամ տապալեցին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։ Առաջադրված միակ թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 54 պատգամավորներից կողմ քվեարկեցին 36-ը, դեմ` 17-ը, 1 քվեաթերթիկ համարվեց անվավեր։ Այս մասին ընտրության ավարտին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

«Մենք էս պայմաններում չենք կարող դատավոր ընտրել». ՍԴ անդամի ընտրությունը չկայացավ

Նշենք, որ ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 63 ձայն ստանար։ Սակայն «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։ Երեկ ԱԺ-ում Ելիզավետա Դանիելյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ երկու խմբակցություններ էլ հայտարարել էին, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։

ԱԺ-ն արդեն երկրորդ անգամ է տապալում ՍԴ անդամի ընտրությունը։

Մայիսի 4-ին խորհրդարանը տապալել էր Էմիլ Բաբայանի ընտրությունը: Մինչ քվեարկությունը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են ընտրությունը, ինչի արդյունքում Բաբայանը ստացել էր 51 ձայն։