ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ադրբեջանը շփման գծում ակտիվացել է դեռ ապրիլի 12-ին։ Այդ օրը նկատվեցին զինտեխնիկայի առաջին կուտակումները։ Մեկնաբանելով շփման գծում Ադրբեջանի վերջին ակտիվացումը` Sputnik Արմենիային ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Այդ ակտիվացումը տարբեր դրսևորումներ է ունեցել` մի փուլում եղել է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ, մի փուլում եղել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ու դրանցում գործող դիպուկահարների աննախադեպ ակտիվություն»,– ասաց նա։
Միաժամանակ Ադրբեջանն աշխատանքներ է տանում նաև սահմանի երկայնքով ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ` փորձելով իր տեղաշարժերը հայկական կողմի համար անտեսանելի դարձնել։
«Կարող ենք արձանագրել, որ վերջին 2 ամսում ստեղծված իրավիճակը 2016թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ամենավտանգավոր իրավիճակն է, երբ Ադրբեջանն առաջնագծի մի քանի ուղղություններով միանգամից ակտիվություն է դրսևորում. այսօր ռեալ վտանգ է ստեղծվել առաջնագծում իրավիճակի կտրուկ սրման»,– ասաց Աբրահամյանը։
Սահմանին տեղի ունեցող տեղաշարժերին զուգահեռ, Արցախի նախագահի խորհրդականի դիտարկմամբ, Ադրբեջանը նաև ակտիվ գործողությունների է անցել քարոզչական դաշտում, ինչը ևս, նրա խոսքով, վկայում է ռազմական ակտիվ գործողությունների նախապատրաստվելու և հանրությանը դրան նախապատրաստելու մասին։
Այդուհանդերձ, հայկական ուժերն ակնդետ հետևում են Ադրբեջանի բոլոր գործողություներին ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են արագ արձագանքել, վստահեցնում է Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք` վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: