Հայտնի է` երբ է իսրայելական Քնեսեթը քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. ԶԼՄ

Իսրայելական ԶԼՄ–երը հայտնել են Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լիակազմ քննարկումները, որոնք նախատեսված էին հունիսի 12–ին, տեղափոխվել են հունիսի 26։ Այս մասին հայտնում են մի շարք իսրայելական լրատվամիջոցներ։

Ըստ նոր որոշման` լիակազմ քննարկումները կանցկացվեն Թուրքիայի արտահերթ ընտրություններից (հունիսի 24–ին) երկու օր անց։ Սակայն պաշտոնական Իսրայելը չի հաստատում այդ տեղեկությունը։

Իսրայելի Քնեսեթը չի քննարկի Հայոց ցեղասպանության օրինագիծը

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պարզաբանել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ավելի լավ է հետաձգել մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները։

Իսրայելի արտգործնախարարությունում կարծում են, որ եթե Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև հունիսի 24–ին նշանակված Թուրքիայի արտահերթ ընտրությունները, ապա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգտագործել Իսրայելի այդ որոշումը սեփական շահերի համար։ Արդյունքում Իսրայելի որոշումը կարող է ազդել Թուրքիայի ընտրությունների արդյունքի վրա ու Էրդողանի հաղթանակին հանգել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը նախատեսում էր քննարկել, բայց այդպես էլ չի քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը օրակարգից հետ է կանչել օրինագիծը։

Խոսնակի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդարանի նախագահը դա արել է անհարմար իրավիճակից խուսափելու համար։ Նրա համոզմամբ՝ նման իրավիճակ կարող էր ստեղծվել այն դեպքում, եթե պատգամավորների մեծամասնությունը չաջակցեր այդ նախագծին։ Էդելշտեյնն այդ հարցում միշտ հանդես է եկել հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։