ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիմնադրամի գործադիր տնօրենը 2013-2018թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325.600.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը։