Հայտնի է ՀԱՊԿ երկրների առաջնորդների նոր հանդիպման օրը

Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրախմանովը առաջարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստն անցկացնել Ղազախստանի մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կկայանա նոյեմբերի 8-ին, այս մասին գործընկերների հետ հանդիպմանը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրախմանովը:

«Օգտակար գործիք». Հայաստանը ՀԱՊԿ–ի միջոցով մասնակցում է գլոբալ գործընթացներին

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել երկուշաբթի Ալմաթիում։

«Առաջարկում եմ ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Աստանա քաղաքում 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրյակին, որը ծրագրված է 2018 թվականի նոյեմբերի 8-ին», — ասել է նա:

Հանդիպման շրջանակում Աբդրախմանովի խոսքով` նախարարները հավաստել են, որ Սիրիայի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

«Այս կապակցությամբ առանձնակի ընդգծվել է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների և ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի` ՌԴ-ի դերը, որոնց ջանքերի շնորհիվ Աստանայի գործընթացն այսօր գրեթե միակ հարթակն է, որտեղ իրական արդյունքներ են ձեռք բերվել Սիրիայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ», — ասել է նա։

Աբդրախմանովը նաև նշել է, որ քննարկվել է Աֆղանստանի քաղաքական իրավիճակը, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ապօրինի գործունեության մասշտաբների աճը, կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներն ու թմրանյութերի արտադրության աճող ծավալների և տարանցման հարցը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։