ՌԱԴԻՈ

Արամյան. «Կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելը ռիսկեր է պարունակում»

Հայաստանի ֆինանսների նախկին նախարարը նոր կառավարությանը նախազգուշացրել է, որ եթե չկան նոր կայուն եկամուտներ, կարող են խնդիրներ առաջանալ։
Sputnik
Վարդան Արամյան. Եթե նոր եկամուտների չես սպասում, ապա շատ ռիսկային է ընթացիկ ծախսերը բարձրացնելը

Եթե Հայաստանի պետբյուջեում նոր եկամուտներ չկան, ապա կենսաթոշակները բարձրացնելը շատ ռիսկային է, կարծում է ֆինանսների նախկին նախարար, ֆինանսական և տնտեսական հարցերի փորձագետ Վարդան Արամյանը։

Փաշինյանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ կուսումնասիրի նվազագույն աշխատավարձերը և կենսաթոշակները հաջորդ տարի բարձրացնելու հնարավորությունը, իսկ եթե հաջողվի, ապա նաև ընթացիկ տարում։

«Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին. կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձերի հարցում նոր պարտավորություններ վերցնելու համար պետք է պատկերացում ունենալ, թե դու եկամուտներ ես ակնկալում սեփական ռեսուրսների հաշվին, որովհետև բարձրացումը չի կարող ժամանակավոր լինել։ Եթե նոր եկամուտների չես սպասում, ապա շատ ռիսկային է ընթացիկ ծախսերը բարձրացնելը», — ասաց Արամյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, միջին կենսաթոշակը` մոտ 41 հազար դրամ, այն դեպքում, որ նվազագույն սպառողական զամբյուղը 61,3 հազար դրամ է։ Զամբյուղը հաշվում է Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով առողջապահության նախարարության ներկայացրած այն ցուցանիշի վրա, թե օրական որքան կալորիա է անհրաժեշտ մարդուն։