Գեղարքունիքի ռեստորաններից մեկի մոտ թալանել են զորամասի հրամանատարի ավտոմեքենան

Գողոնի մեջ է ՊՆ նախարարի հրամանով որպես պարգև ստացած ատրճանակը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Անհայտ անձը կամ անձինք Գեղարքունիքի մարզի ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, ինչպես նաև գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ի երեկոյան։

Կայքի տեղեկություններով՝ տուժածը Տավուշի մարզի բնակիչ, 43-ամյա Սողոմոն Խաչատրյանն է։ Նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, իսկ «Մակարով» տեսակի ատրճանակը որպես պարգև նա ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2017 թվականի հունվարի 25-ի որոշմամբ։

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրամանատարի ավտոմեքենայից գողացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։