Նիկոլ Փաշինյանը պաշտոն տվեց Դավիթ Գյուրջինյանին

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, այս մասին նշված է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակել կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։

Գյուրջինյանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 26-ին Երևանում, գերմաներենի ուսուցչի ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։

Լենա Նազարյանի ամուսինը կղեկավարի Գալուստ Սահակյանի որդու ղեկավարած կառույցը

1985-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1995 թթ. որպես փորձալրող, ասիստենտ, դոցենտ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում։

1993 թվականից հայոց լեզու է դասավանդում Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995 թվականից աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան` որպես հայագիտության ամբիոնի դոցենտ, դասավանդում է հայերենագիտական տարբեր առարկաներ։

1989 թ. փետրվարի 13-ին «Նախդիրների բառակազմական արժեքը հայերենում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1993 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել հայոց լեզվի բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար։

Մասնակցել է միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների, լեզվաբանական գործնական հանդիպումների։ 2011-2013 թվականներին համատեղությամբ եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության հրատարակչական բաժնի տնօրենը։

Մանկական «Ուրախ գնացք» և պատանեկան «Իմ մոլորակը» ամսագրերի հիմնադիր գլխավոր խմբագիր։

100-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ (և համահեղինակ) է։

Ամուսնացած է, ունի 2 դուստր և 2 թոռնիկ։