Գործարար պատգամավորը ՀՀԿ-ից չի հեռանա

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ գործարար պատգամավորը վստահեցնում է՝ «Հանրապետական» խմբակցությունը չի լքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որը հայտնի է որպես «Դերժավայի Արկադ», այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի դեպքում չի լքի հարազատ խմբակցությունը։

«Ինչի պիտի դուրս գա՞մ»,- լրագրողների հարցին հարցով արձագանքեց նա՝ միաժամանակ հերքելով, որ բիզնեսով է զբաղվում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն լքել են 6 պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը:

Արդյունքում ՀՀԿ-ն կորցրել է խորհրդարանում ունեցած մեծամասնությունը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել, որ խմբակցությունից կհեռանան նաև այլ գործարարներ՝ հաշվի առնելով իրենց բիզնես շահերը։

Հայտնի է, որ Արկադի Համբարձումյանին են պատկանում «Դերժավա-Ս» և «Սլավգրուպ» ընկերությունները, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլ կազմակերպություններ: Ընկերությունը Հայաստանում մի շարք ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է։