ՍԴ անդամի թեկնածուն հնչեղ գործերի վերաբերյալ կարծիք ունի, բայց չի հայտնում. ինչո՞ւ

ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուին, բայց ոչ բոլոր հարցերն են պատասխաններ ստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ ՍԴ դատավորի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Ելիզավետա Դանիելյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Գործարար պատգամավորը ՀՀԿ-ից չի հեռանա

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե թեկնածուն ինչ տեսակետ ունի հանրային հնչեղություն ունեցող մի շարք գործերի վերաբերյալ:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2009-ից Վճռաբեկ դատարանը վերադասության կարգով վերանայել է մարտի 1-ի գործերը, Վահե Ավետյանի` «Հարսնաքարի» գործը, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և նրա նկատմամբ հարուցված գործը, Շանթ Հարությունյանը և նրա ընկերների, Գևորգ Սաֆարյանի` տոնածառի գործը, Վարդգես Գասպարիի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խոշտանգումների վերաբերյալ գործը, Հաց բերողի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերանայման գործը:

«Ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը նշված գործերի վերաբերյալ, ունեցե՞լ եք արդյոք ձեր դատավոր ընկերներից տարբերվող կարծիք և հանդես եկել եք արդյոք հատուկ կարծիքով»,- հարցրեց պատգամավորը:

«Բացառված չէ, որ ես շարունակեմ աշխատել Վճռաբեկ դատարանի դատավոր, ուստի կոնկրետ գործերի վերաբերյալ կարծիք հայտնելը դատավորի համար անթույլատրելի է: Բնականաբար ես`որպես մարդ որպես քաղաքացի ունեմ իմ դիրքորոշումը, բայց որպես դատավոր ես չեմ կարող հայտնել իմ կարծիքը և չարաշահել իմ լիազորությունները»,- ասաց թեկնածուն:

Հիշեցնենք` մինչ այդ Ելիզավետա Դանիելյանն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀՀԿ-ի հետ կապ չունի, անկուսակցական է: