«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա

Ցեղասպանության տարիներին փրկված բոլոր հայերի անունից, ի նշան երախտագիտության իրենց փրկողներին, շնորհվող «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունից տպավորված Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն հիշում է Արևմտյան Հայաստան կատարած իր այցը։
Sputnik

90-ականների վերջին Արարատի ցեմենտի գործարանի` լեռներում իրականացվող նկարահանումների ժամանակ օպերատոր Հովհաննես Հակոբյանի հետ այնպիսի մի վայրում հայտնվեցի, որտեղից երևում էր հրաշալի մայրամուտը։ Արևը մայր էր մտնում փոքր ու մեծ Մասիսների միջև գտնվող ձորակում։ Ճիշտ այնպես, ինչպես մանկության տարիներին այդ աներևակայելի բնապատկերը նկարում էինք տետրերում։

Լեռը վեր է խոյանում Թուրքիայի և Հայաստանի այսօրվա սահմանի արևմուտքում։ Արարատի հետևում` Արևմտյան Հայաստանում, հնարավոր չէ տեսնել արևածագը։ Բայց հայկական դարավոր երազանքը լուսավորող հույսի շող միշտ էլ հայտնվում է բիբլիական լեռանը նայող հայրենակիցների թաց աչքերում։

Այսօր մենք վերադարձնում ենք այն, ինչ ստացել ենք 100 տարի առաջ. Ավրորա 2018.վերջին ակորդներ

Հայերի ու ինձ նմանների համար, ովքեր ծնվել ու մեծացել են Հայաստանում, Արարատը երազանքի լեռ է։ Երբ Երևանից ես նայում Արարատին, այն կարծես ափի մեջ լինի։ Թվում է` ձեռքդ կմեկնես…, բայց, ոչ, չես հասնում… Հայերից շատերն այս լեռը կտավի տեսքով են պահում իրենց տանը։ Հայաստանում Արարատը իրենցն են համարում, բայց միևնույն ժամանակ նոր զինանշանի վրա ընդգծել են լեռան ոչ թե ազգային, այլ մոլորակային նշանակությունը։ Ստորոտում ջրհեղեղի ջրերն են, գագաթին` Նոյյան տապանը։ Մարդկության փրկության և վերածննդի խորհրդանիշը։

Ուշ երեկոյան Անկարա ժամանելով` մենք ամբողջ գիշեր շրջեցինք սրճարաններով` մինչև առավոտվա չվերթը ժամանակ սպանելու համար։ Թուրքիայի մայրաքաղաքն առանձնակի տպավորություն չթողեց. մռայլ ու տաղտկալի քաղաք էր։ Երբ օդանավակայան վերադարձանք, հայտնաբերեցինք, որ Վանի չվերթի սպասասրահում միանման, մուգ կանաչ, մարզական պայուսակներով երիտասարդներ են հավաքվել։ Նրանք երիտասարդներին բնորոշ վառ հագուստով էին, նորաձև սանրվածքներով, մի քանիսը` ականջօղերով։ Մտածեցի` մարզիկներ են։

Բայց նախ խոսեմ այն տպավորություններիս մասին, երբ վայրէջքի ժամանակ երևաց Վանա ծովի կապույտ մակերեսը։ Այո, հենց ծովի։ Միայն մեկ հայացք գցելը բավական էր հասկանալու համար, թե ինչու է խոսակցական լեզվով լիճը «ծով» կոչվել։ Գիտեի, որ լճի ջուրը աղի է, սակայն չէի պատկերացնում, որ ջրի գույնը ծովի գույն կունենա։

Озеро Ван. Армянская церковь Сурб Хач

Օդանավակայանը մոտ է ափին։ Մինչ ինքնաթիռը կհասներ կայանման վայր, օդանավը սկսեցին շրջապատել պտտվող աշտարակներով ու խոշոր տրամաչափի գնդացիրներով զրահապատ ավտոմեքենաները։ Օդանավակայանի տանիքին զենքով մարդիկ երևացին։ Պարզ դարձավ, որ Արևելյան Անատոլիայից` քուրդ զինյալների դեմ հատուկ գործողությունների վերաբերյալ ստացվող ամփոփագրերը միայն առանձին լեռնային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին չեն։

Ուղեբեռին սպասելու ընթացքում նկատեցի, որ ելքի մոտ դաշտային, զինվորական համազգեստով զինված պահակախումբ է կանգնած։ Մաքուր սափրված, ակնոցով, բարեհամբույր ալեհեր սպան ստուգեց «մարզիկների» փաստաթղթերը և բաժանեց խմբերի։ Տղաներից ոմանք, որոնք դուրս գալու իրենց հերթին էին սպասում, սկսեցին պայուսակներում իրերը փորփրել, և ես նկատեցի, որ նրանց մոտ պահակախմբի համազգեստին նմանվող համազգեստ կա։ Օդանավակայանը շղթայված էր նաև արտաքին կողմից։ Տղաներին սկսեցին նստեցնել շենքին մոտեցրած փափուկ ավտոբուսները։

— Ուսանողնե՞ր են, զինվորական հավաքի՞ են եկել, — հարցրի մեզ դիմավորած զբոսաշրջային ընկերության ներկայացուցչին։

— Ոչ, զինվորներ են։

Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Հետո արհամարհանքով մի քանի անգլերեն արտահայտություն ասաց, որոնցից ես հասկացա, որ նա համաձայն չէ կառավարության հետ։ Զինվորականները ցրվեցին միայն ավտոբուսների հեռանալուց հետո…

Նախևառաջ մեզ տարան նայելու Վանի մոտ խոյացող ուրարտական ամրոցը։ Անքուն գիշերից հետո վերելքը հաղթահարելը դժվար թվաց, իսկ տեսարժան վայրերը` ոչ այդքան տեսարժան։ Բայց երբ հասա եզրապատին և ներքև նայեցի, սիրտս կանգնեց հուզմունքից։ Մյուս կողմում շատ ծանոթ տեսարան բացվեց` Այգեստան հայկական թաղամասի ավերակներն էին։ Համացանցում հաճախ կարելի է տեսնել այդ դիրքից լուսանկարված Այգեստանը։

Եվ հանկարծ միտք ծագեց, թե իզուր ենք ամրոց բարձրացել։ Պետք էր շրջանցել բլուրն ու շրջել լեգենդար թաղամասում, որտեղ 1915 թվականին հայերը հերոսական դիմադրություն են ցույց տվել։ Տեսախցիկի օբյեկտիվը խոշորացնելու շնորհիվ նկատեցի, որ օտարերկրացի մի զույգ` ձեռք ձեռքի բռնած, զբոսնում էր ավերակների մեջ։ Երկու տղա հեծանիվ էին քշում, իսկ քիչ այն կողմ մեծահասակ տղամարդիկ, ստվերում նստած, ինչ-որ բան էին խոսում։ Հեռվում ևս մի տղամարդու ուրվագիծ էր նշմարվում։ Հավանաբար տեղացիները մինչ օրս այստեղ են գալիս հայերի թաքցրած թանկարժեք իրերը գտնելու համար։

Ժամանել էինք Ռամադան տոնի նախօրեին։ Ներքևում, ճանապարհի երկայնքով երկու, արտաքին տեսքից դատելով` նորակառույց մզկիթ կար։ Մինարեթի վրա տեղադրված բարձրախոսներից բարձր երաժշտություն էր հնչում, որին միահյուսվում էր մուեձինի կենդանի քարոզչությունը։ Թանգարանային համալիրի տարածքից դուրս գալիս ուշադրություն դարձրի ձյունածածկ Այգեստանի պատկերով բացիկին։ Գեղեցիկ, բայց միաժամանակ շատ տխուր տեսարան…

Այնուհետև Դողուբայազիտի (Դարույնք) ճանապարհն էր սկսվում։ Պատուհանից այն կողմ երևում էին Արևմտյան Հայաստանի գեղեցիկ տեսարանները։ Ուշադիր նայում էի լանջերին և հանկարծ ռելիեֆի ծալքերում կորած սրածայր քրիստոնեական վանքի հստակ ուրվագծեր նկատեցի։ Դժվարամատչելի տեղանքն է հավանաբար ավերումից փրկել եկեղեցին։

Եզակի գտածո. Վանի բնակավայրերը մի քանի հազարամյակի պատմություն ունեն

— Էրմենի՞ քիլիսե, — արթնացրի ննջած ուղեկցորդին։

— Էրմենի քիլիսե, — պատասխանեց նա քնած ձայնով։

Արևմտյան Հայաստանը, թեև մնացել է Թուրքիայի սահմաններում, բայց այդպես էլ թուրքական հող չի դարձել։ Այստեղ հայեր չկան, բայց նաև զգացողություն չկա, որ Թուրքիայում ես։ Այժմ անհնազանդ քրդերը զենքով սարերն են գնում։ Իսկ դրանցից ամենամեծը պահպանում է սուրբ պատմության ամենախորհրդավոր գաղտնիքներից մեկը։ Ավանդազրույցի համաձայն` Նոյյան տապանը մարդկությանը կբացվի այն ժամանակ, երբ Աստված ցանկանա։ Եվ հավանաբար դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ այստեղ կվերադառնան Արարատի իրական ժառանգները։

Առաջին անգամ այստեղ հայտնվելով` փորձում էի զգալ երկու Հայաստանների տարբերությունը. այն Հայաստանի, որտեղ ամեն ինչ այդքան ծանոթ ու մոտ է, և այն Հայաստանի, որն առանձնացված է ու ողբերգական, որի մասին միայն կարդում և լսում ենք։ Ուշադիր նայում էի բնությանը, տարբերություններ էի որսում, բայց այդպես էլ այդ շեմը չզգացի։ Ո՛չ Վանում, ո՛չ Կարսում, ո՛չ Անիում և նույնիսկ Արարատի գագաթին… Եվ հասկացա, թե ինչու։ Որովհետև իրականում Արևելյան և Արևմտյան Հայաստաններ չկան։ Կա մի ամբողջականություն` Հայրենիք։

… Արարատը հանկարծ հայտնվեց։ Մենք նույնիսկ չհասկացանք, որ դա լեռ է` այն հարազատ լեռը։ Հայտնի է, որ թուրքական կողմից լեռն այդքան էլ գեղեցիկ չէ, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան։ Ասեց բազում սարերից հերթականը լիներ։ Վերջապես մենք Դողուբայազիտ հասանք, այսինքն` Արևելյան Բայազետ։ Տեղավորվեցինք հյուրանոցում և գնացինք ընթրելու քաղաքի մյուս ծայրում, որտեղ գտնվում էր ընդունող ընկերության գրասենյակը։

Вид на Арарат со стороны Турции

Գրասենյակից քիչ հեռու տեղի տեսարժան վայրերից մեկն էր` Իսակ-փաշայի պալատը, որի շուրջբոլորը ավերակներ էին։ Նախկին մասնավոր հատվածի կմախքները։ Ինչ-որ բան հուշում էր, որ մենք հին Բայազետի տարածքում ենք։ Այն Բայազետի, որի իրադարձությունների մասին համանուն վեպում գրել է Վալենտին Պիկուլը։ Խոսքը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տեղի ունեցած «Բայազետի ճակատամարտի» մասին է։ Քուրդ զբոսավարը հաստատեց` այստեղ քրիստոնեական թաղամաս է եղել, և այս ավերակների փոխարեն ժամանակին հայերի տներ էին։ Ի տարբերություն Վանի թաղամասի` դրանք ավելի լավ են պահպանվել։

Մուստաֆայի պատմությունը. ինչպես թուրք սպան փրկեց հայկական գյուղը ոչնչացումից

— Իսկ այնտեղ հայկական այգիներ են։ Մինչ օրս այդպես ենք կոչում այս վայրը, — զբոսավարը մատնացույց արեց հեռվում գտնվող ծառերը։

— Որտե՞ղ է այդ դեպքում հայտնի ամրոցը։

— Ցավոք, քանդվել է…

— Իսկ սրանք ի՞նչ աշտարակներ ու պատեր են։

— Սա նույնպես հին ուրարտական ամրոց է։ Իսկ ուրարտացիները, ինչպես հայտնի է, հայերի նախնիներն են։ Այս տարածքում ժամանակին հայկական հին թագավորություն կար, — պաթոսով վստահեցրեց զբոսավարը և այդ պահին ամեն կողմից նրա վրա ուղղվեցին Մոսկվայից, Մերձմոսկովյան շրջանից և Նիժնի Նովգորոդից ժամանած հայերի տեսախցիկները։

Արևելյան Անատոլիայում թուրքերը փոքրամասնություն են կազմում։ Հիմնականում զինվորականներ են, ոստիկաններ, ուսուցիչներ և վարչակազմի աշխատակիցներ։ Իրար մոտ գտնվող զինվորական ավանների և հսկիչ անցակետերի առատությունը չի խանգարում, որ ամենուրեք ուժեղացված հսկողություն իրականացվի։ Պաշտպանության տակ են նաև պետական հաստատությունները, պաշտոնյաների տներն ու սպաների ընտանիքների բնակարանները։ Այդ շենքերի մերձակայքը փշալարերով է պատված, իսկ շուրջն ավազով լցված պարկերից գնդացիրներով կրակ վարելու համար նախատեսված հրակնատների նման թաքստոցներ են կառուցված։

Ամռանն այս վայրը զբոսաշրջային Մեքքան է հիշեցնում։ Այդ ժամանակահատվածում քաղաքի միջով շուրջ 10 հազար ալպինիստ է անցնում։ Քրդերին ձեռնտու չէ այնպիսի ակցիաներ անցկացնել, որոնց հետևանքով կկորցնեն Արարատի նկատմամբ առատաձեռն օտարերկրացիների հետաքրքրությունը։ Բացի այդ, ակնհայտ է, որ սարից ստացած եկամուտները ոչ միայն տուրօպերատորների և նրանց սատարողների գրպաններն են գնում, այլև նրանց, ովքեր պարտիզանություն են անում լեռներում։

Երբ մեր առաջնորդները տեղի ուղեկցորդների հետ քննարկում էին վերելքի մանրամասները, նրանց զարմացրեց, որ ամեն անգամ ստիպված են հանել վրանները, բարձել ձիերի վրա և կրկին բացել ճամբարներում։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ մեզանից առաջ և հետո այլ խմբեր են գնում։ Տեղի զբոսավարը հենվեց նստատեղի մեջքին և, հայացքը հառելով առաստաղին, պատասխանեց.

Հայ օրիորդաց դպրոցը. ի՞նչ էին ուսումնասիրում աղջիկները XIX դարում

— Գիտեք, այստեղ այդքան էլ հեշտ չէ ամեն ինչ… Սա արդեն կայացած պրակտիկա է։ Այդպես ավելի հուսալի է։ Լինում է, որ զբոսաշրջիկների մի խումբ արդեն իջել է, իսկ մյուսները դեռ բարձրանում են։ Ճամբարը դատարկ է, և դա նկատելով` պարտիզանները կարող են յուրացնել վրանները։

Հիշողությանս մեջ պրպտելով` քրդերեն մի քանի արտահայտություն հիշեցի և միացա զրույցին` սահուն անցում կատարելով կոտրված անգլերենի և ժեստերի լեզվի։

— Ինչպե՞ս են քրդերն անվանում լեռը։

— Աղրի, Կարադաղ…

Կարադաղի մասին առաջին անգամ էի լսում։ Թարգմանաբար նշանակում է «Սև լեռ»։ Նման անվանում չի հիշատակվում իմ ուսումնասիրած գրավոր նյութերում։ Որտեղի՞ց է այն հայտնվել։ Սակայն, ցավոք, հասարակ վարորդը չկարողացավ բացատրել նրա ծագումնաբանությունը…