Այս ընդունելությունը 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին. նախարարը ճգնաժամ կանխատեսեց

Այս տարի բուհ ընդունվող սերունդը 6 տարի խնդիր է լինելու բուհերի համար: Կրթության և գիտության նախարարը բուհական համակարգում խնդիրներ է կանխատեսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Բուհերում այս տարի բազմաթիվ թափուր տեղեր կան, և յուրաքանչյուր անցողիկ միավոր ստացած դիմորդը կարող է ուսանող դառնալ: Այսօր առավոտյան ավարտական քննությանն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի բուհերի համար ճգնաժամային է, կփորձենք մի կերպ տակից դուրս գալ, թեպետ այս ընդունելությունը 6 տարի շարունակ դեռ հետապնդելու է բուհերին, որովհետև այսօր ընդունված ուսանողները դեռ պետք է ավարտեն»,- ասաց նախարարը` հույս հայտնելով, որ բուհերի դասախոսական կազմը ուսանողների սահմանափակ թվի պատճառով անաշխատանք չի մնա, կրճատումների կարիք չի լինի:

Բանն այն է, որ դիմորդների թիվն այս տարի գրեթե կիսով չափ պակաս է նախորդ տարվա համեմատ, ինչը պայմանավորված է 12-ամյա կրթության անցման հետ (հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ:): Իսկ ինչ վերաբերում է բուհերում առկա լարված իրավիճակին ու հատկապես քաղաքականացվածությանը, Հարությունյանը նշեց, որ առաջիկայում բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն է ունենալու:

ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 8-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննություններով: Հունիսի 15-ին նախանշված է «Ֆիզիկա», հունիսի 19-ին` «Օտար լեզուներ», հունիսի 22-ին` «Մաթեմատիկա», հունիսի 25-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 27-ին` «Ռուսաց լեզու» առարկայի քննությունը: