ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Գյուննութի գերեզմաններ այցելած ադրբեջանցիներին նկարահանել են հայկական դիրքերից։ Տեսանյութը հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- տեսանյութին կից գրել է նա:
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում էր տարածել` նշելով, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:
Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:
Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից: