ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Եթե Հայաստանի պետբյուջեում նոր եկամուտներ չկան, ապա կենսաթոշակները բարձրացնելը շատ ռիսկային է, լրագրողներին ասաց ֆինանսների նախկին նախարար, ֆինանսական և տնտեսական հարցերի փորձագետ Վարդան Արամյանը։
Փաշինյանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ կուսումնասիրի նվազագույն աշխատավարձերը և կենսաթոշակները հաջորդ տարի բարձրացնելու հնարավորությունը, իսկ եթե հաջողվի, ապա նաև ընթացիկ տարում։
«Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին. կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձերի հարցում նոր պարտավորություններ վերցնելու համար պետք է պատկերացում ունենալ, թե դու ինչ եկամուտներ ես ունենալու։ Ընդ որում` առաջին հերթին` սեփական եկամուտներ, երկրորդ` կայուն եկամուտներ։ Որովհետև բարձրացումը չի կարող ժամանակավոր լինել։ Եթե նոր եկամուտների չես սպասում, ապա շատ ռիսկային է ընթացիկ ծախսերը բարձրացնելը», — ասաց Արամյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, միջին կենսաթոշակը` մոտ 41 հազար դրամ, այն դեպքում, որ նվազագույն սպառողական զամբյուղը 61,3 հազար դրամ է։ Զամբյուղը հաշվում է Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով առողջապահության նախարարության ներկայացրած այն ցուցանիշի վրա, թե օրական որքան կալորիա է անհրաժեշտ մարդուն։
Ոչ պարենային մասը (կոմունալ ծառայություններ, տնտեսական ապրանքներ և այլն) պայմանականորեն են հաշվում` սպառողական զամբյուղի արժեքը բազմապատկելով 1,77-ով։