Որպես նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ.–ի ընտրություններին. Բակո Սահակյան

Բակո Սահակյանը պատասխանել է Արցախի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Հունիս — Sputnik. Արցախում ծավալված իրադարձությունները իշխանությունների համար հետեւություններ անելու շատ ու շատ հարցեր են թողել, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` ասել է Արցախի նախագահը։ 

«Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել»,–նշել է Բակո Սահակյանը, նաև շեշտելով, որ ցավոք գտնվեցին մարդիկ, որոնք չխուսափեցին մարդկանց արդարացի պահանջները քաղաքականացնելուց ու շահարկելուց։

«Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար»,– հավելել է Արցախի նախագահը։

Բակո Սահակյանը անդրադարձել է նաև առանձին ղեկավարների գործելաոճին ուղղված արդարացի դժգոհություններին և շեշտել, որ անպայման ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ` միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի աշխատանքների բարելավման կամքը եւ այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը:

ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման վերջում Արցախի նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու չի մասնակցելու 2020 թվականին նախանշված Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններին։

«Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,– ասել է նա։

Բակո Սահակյանը նաև երաշխավորել է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի եւ նախագահի, եւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ: