Ոչ մի «սև աշխատող». Հայաստանում կվերանայեն ստվերային տնտեսության տուգանքները

Նույնիսկ մեկ չգրանցված աշխատողի համար ստիպված կլինեն վճարել 250 հազար դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանում կվերանայվեն չգրանցված աշխատողների համար տուգանքները։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել հունիսի 11-ին Հայաստանի կառավարության նիստում։

Հիմա հարկային մարմինը ձեռնարկությանը 60 հազար դրամով է տուգանում յուրաքանչյուր «սև» աշխատողի համար, եթե ստուգման ժամանակ նման աշխատողների թիվը չի գերազանցում 3-ը, 4-6 աշխատողի դեպքում` յուրաքանչյուրի համար 150 հազար դրամով, 7-9 աշխատողի դեպքում` յուրաքանչյուրի համար 300 հազար դրամով, 9-ից շատ աշխատողների դեպքում` 600-հազարական դրամով։

Այժմ առաջարկվում է յուրաքանչյուր «սև» աշխատողի համար տուգանել 250 հազար դրամով` անկախ նրանց թվից։

Հիշեցնենք, որ 2018թ-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգիրքը ևս մեկ փոփոխություն է նախատեսել աշխատողներին գրանցելու հարցում։ Նախկինում աշխատողներին ընդունելու մասին դիմումը գործատուն ուղարկում էր հարկային մարմին մինչև հաջորդ ամսվա ամսի 20-ը։ Հիմա այդ դիմումը պետք է ունենալ նախօրոք, առավելագույնը աշխատողից ընդունելուց մեկ օր առաջ։