Նախիջևանի կողմից սպառնալիքն աճում է. ահազանգում են փորձագետները

Թուրքիան Ադրբեջանի թույլտվությամբ ամրապնդում է իր ներկայությունը Նախիջևանում։ Դրան զուգահեռ Ադրբեջանն իր մարտական դիրքերը մոտեցնում է հայկականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է Հայաստանին Նախիջևանի տարածքից, որքան էլ պաշտպանության նախարարությունը փորձի հանգստացնել հասարակությանը։ Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Քաղաքական գործչի խոսքով` Նախիջևանում Ադրբեջանի ակտիվությունը, մարտական դիրքերի ամրապնդումը և հռետորության խստացումը վկայում են, որ Բաքուն հույսեր չի կապում Արցախի շուրջ բանակցային գործընթացի հետ։

«Բանակցությունները կարող են փակուղի մտնել, և այդ ֆոնին Նախիջևանում նախապատրաստությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել։ Հայկական դիվանագիտության խնդիրն է ակտիվորեն քննարկել այս խնդիրն արտասահմանյան գործընկերների հետ։ Պետք է առաջ ընկնել, չի կարելի թույլ տալ նվազագույն անգործություն», — ասաց Սարգսյանը։

Նրա հետ համամիտ է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա կարծում է, որ Նախիջևանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական ակտիվության հարցում Հայաստանը պետք է միջազգային համաժողով գումարի և ընդլայնումը կանխելու ուղիներ ու մեխանիզմներ գտնի։

Ինչպես են ադրբեջանցիները հասել Գյուննութ ու լուսանկարներով ողողել համացանցը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն իր հերթին կարծում է, որ հայ հասարակությունը վարդագույն ակնոցով է նայում տարածաշրջանային իրավիճակին` մոռանալով, որ նույն Թուրքիան Սիրիայում կարողացավ իր օգտին լուծել քրդերի խնդիրը։ Քրդերի հարցը լուծելով Աֆրինում` Թուրքիան հիմա արշավ է սկսում Մանբիջում` չհանդիպելով առաջատար գերտերությունների դիմադրությանը։ Հիմա, երբ Անկարան ու Բաքուն փաստացիորեն սպառնում են Հայաստանին Նախիջևանի կողմից, Երևանը բոլոր մակարդակներում պետք է բարձրացնի այդ խնդիրը` զուգահեռաբար ուժեղացնելով իր բանակը։

«Մենք պետք է ակտիվացնենք համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների հետ, պետք է նրանց ուշադրությունը սևեռենք խնդրի վրա։ Իրավիճակին վտանգ է հաղորդում նաև Իրանի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցների հեռանկարը։ Ինձ թվում է` Արևմուտքի հակաիրանական քայլերը կարող են Թուրքիայի համար կանաչ լույս վառել տարածաշրջանում։ Ոչ մի դեպքում չի կարելի նման բան թույլ տալ», — համոզված է Բոզոյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը հայտարարել են, որ ռազմավարական բարձունքներ և գյուղ են գրավել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին, որտեղ նախկինում գտնվել են Հայաստանի դիրքերը, ինչպես նաև «իրենց վերահսկողության տակ են վերցրել մոտ 11 հազար հեկտար տարածք, որից ավելի քան 8 հազարը պիտանի է հողագործության համար»։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է Նախիջևանի ուղղությամբ ակտիվ գործողությունների փաստը` նշելով, որ վերոհիշյալ բնակավայրը միշտ եղել է հայկական ստորաբաժանումների դիրքերի դիմաց և շարունակում է գտնվել ուղիղ տեսանելիության գոտում։