Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 52–ամյա կինը տեղում մահացել է

Ավտովթարից տուժած հայր ու աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 52–ամյա կին է մահացել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ հունիսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ 62-ամյա Արայիկ Կատվալյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 31 ՏU 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին:

Գետն ընկած քաղաքացու կյանքը հաջողվել է փրկել

Վթարի հետևանքով վարորդ Ա. Կատվալյանը, ուղևոր՝ 22-ամյա Էլիսա Կատվալյանը, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել՝ Ա. Կատվալյանը Հրազդանի բժշկական կենտրոն, Է. Կատվալյանը՝ Սևանի բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով մյուս ուղևոր 52-ամյա Մարգարիտա Խալոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շանշյանի տեղեկություններով` վարորդը, մահացածն ու վիրավոր ուղևորուհին ընտանիքի անդամներ էին: Մահացածը վարորդի կինն էր, վիրավորը՝ աղջիկը:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահապնվող տարածք: