Բելառուսական «Պոլոնեզները» Բաքվում. փիառի տարրեր, թե՞ իրական սպառնալիք Հայաստանին

Ադրբեջանի կողմից «Պոլոնեզների» կամ նմանատիպ այլ համակարգերի կիրառումը նոր մակարդակի կհասցնի հակամարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելը նշանավորում է Բաքվի և Երևանի սպառազինությունների մրցավազքի նոր փուլը։

Հայ զինվորականները մեկնել են Բելառուս. ի՞նչ կապ ունի «Պոլոնեզը»

Հակամարտող կողմերը շարունակում են համալրել իրենց զինանոցները, ինչը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Տեսականորեն կողմերի մոտ հեռահար միջոցների առկայությունը փոխադարձորեն զսպող գործոն է, թեև 2016թ-ի ապրիլյան իրադարձությունների ցույց տվեցին, որ այդ հանգամանքը ոչ միշտ է գործում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է զորամասերից մեկի բացման արարողությանը և դրա շրջանակում Ալիևին ցույց են տվել նաև «Պոլոնեզը»։

Մինսկի և Բաքվի գործարքի մասին ԶԼՄ-ները հայտնել էին դեռ այս տարվա ապրիլին։ Սակայն պաշտոնական հաստատում չէր եղել։ Բաքուն վերջին ամիսներին չէր թաքցնում, որ «Պոլոնեզները» դիտարկում է որպես հայկական բանակում առկա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հակոտնյա։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով` Ադրբեջանը շեշտ է դնում այն միջոցների զարգացման վրա, որոնք թույլ կտան խոցել հակառակորդի ռազմավարական տարածքներում գտնվող օբյեկտները, տվյալ դեպքում` Հայաստանի ու Արցախի։ Եվ «Պոլոնեզ» գնելը ներառվում է այդ հայեցակարգում։

«Ըստ էության, սա Հայաստանի գնած «Իսկանդերների» պատասխանն է։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին շրջանում զարգացնում են սպառազինությունների այդ հատվածը` համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԶՌՀ), մարտավարական հրթիռներ։ Բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կողմերից ոչ մեկը չի շտապում այդ միջոցները կիրառել մարտի դաշտում։ Այո, եղել են Ադրբեջանի կողմից «Սմերչ» կիրառելու առանձին դրվագներ, ապա դրանք միտում չեն դարձել և ինչ-որ ազդեցություն չի եղել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունովը։

Նրա խոսքով` մարտավարական սպառազինությունները և ՀԶՌՀ-ն ավելի շատ քաղաքական ազդեցության ու փիառի տարրեր են։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից «Պոլոնեզների» կամ այլ նույնատիպ համակարգերի կիրառումը հակամարտությունը նոր մակարդակի կհասցնի։

Բայց դրա համար քաղաքական որոշում է պետք, և հայտնի չէ` պատրա՞ստ է արդյոք Բաքուն նման որոշման հետևանքներին։ Չէ՞ որ Հայաստանի դեմ նման համալիրների կիրառումն արձակում է Երևանի ձեռքերը։

«Հայաստանը, իր տրամադրության տակ ունենալով ավելի դիպուկ և հեռահար միջոցներ, անպայման կցանկանա փորձարկել դրանք ադրբեջանական տրանսպորտային ենթակառուցվածքների ու օբյեկտների վրա։ Դա կստիպի Արևմուտքին միջամտել իրավիճակին` հաշվի առնելով նրա տարածաշրջանային էներգետիկ շահերը», — ընդգծեց Հարությունովը։

Փորձագետի խոսքով` հայկական բանակում առկա միջոցների դիպուկությունն ու հեռահարությունը թույլ են տալիս չկասկածել հակառակորդին անուղղելի վնաս հասցնելու կարողության մեջ։