Հայտնի է «Ավրորա» մրցանակի այս տարվա հաղթողի անունը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս անգամ մեծարանքի է արժանացրել իրավաբանին՝ Մյանմայում ընդդեմ անարդարության և հանուն ռոհինջա ժողովրդի իրավունքների մղած պայքարում դրսևորած անհատական զոհողությունների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը: Նա այս մեծարանքին արժանանացել է այն նվիրումի համար, որով, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին ու հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արևածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

«Ավրորա 2018» մրցանակի հավակնորդները. ովքեր են նրանք և որտեղից

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը և հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական և միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետևյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.

Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա երեք հավակնորդները

«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)

MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief — MERCY Malaysia)

Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC — International Catholic Migration Commission)

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Ստանձնած առաքելության հետևանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, և արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիև՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարևոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, ու ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

«Ավրորա» մրցանակի դափնեկրին նվիրված նամականիշ է թողարկվել

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Չո Լա Աունին շնորհավորել է նաև բժիշկ Թոմ Քաթինան։ 2017 թվականին նրան «Ավրորա» մրցանակ է շնորհվել Սուդանի հարավի՝ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռների 750,000 բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու գործում դրսեւորած բազմամյա բացառիկ նվիրումի համար։

«Ավրորայի» միջոցառումների մասնակիցները մեծարանքի արժանացրեցին նաև այն ներդրումը, որ ունեցել են «Ավրորա» մրցանակի 2018թ. մյուս երկու հերոսները՝ կանանց իրավունքների պաշտպան և Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկյան ներգաղթյալներին աջակցող «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն։

«Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամները շնորհավորեցին Չո Լա Աունին եւ «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսներին՝ ցուցաբերած բացառիկ ջանքերի համար։

Հիշեցնենք, որ առաջին «Ավրորա» մրցանակի դափնեկիր է դարձել Մարգարիտ Բարանկիցեն, ով աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: